Որքան էլ Հայաստանի գլխավոր ֆինանսիստը բառախաղով զբաղվի և 2021-ի պետբյուջեի նախագիծը փորձի լավատեսորեն ներկայացնել, թվերը և նախագծի տրամաբանությունը այլ բան են վկայում։ Կամ ինչպես ժողովուրդը կասեր, «լոլո, լոլո, քրդի աղջկա՞ն էլ լոլո»։
Եվ այսպես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է 1 տրիլիոն 569 մլրդ դրամի եկամուտ, որի 96 %-ը կկազմեն հարկային մուտքերը։ Ընդգծենք, հստակ ասվեց` «հարկային մուտքերը», ի՞նչ է սա նշանակում։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ դրանում դրական բան կտեսնեն, ավելին, կասեն, որ այսպիսով ստվերից գումարներ են դուրս բերվում։ Իհարկե, ասելը ամենահեշտ բանն է... Ստվերից գումարներ լույս աշխարհ հանելը շատ կարևոր գործոն է, սակայն դրանից բացի շատ կարևոր է և անհրաժեշտ, որ պետբյուջեի եկամտային մասի ապահովումը առաջնահերթ իրականացվի տնտեսության զարգացման հաշվին։ Ինչպես լսեցինք ԱԺ-ում, ֆինանսների նախարարը չասաց, որ պետբյուջեի նախագծով եկամուտների ապահովման «առյուծի» բաժինը իրականացվելու է տնտեսության ակտիվացման հաշվին։
Եթե նկատենք, որ 2020-ից ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի տնտեսությունը ցնցումների մեջ է պանդեմիայի պատճառով, որը գնալով ոչ թե նվազում է, այլ նոր թափ է հավաքում, ապա դժվար կլիներ ասել, որ 2021-ի պետբյուջեի նախագծով եկամուտների հսկայական հատվածը ապահովելու է տնտեսությունը։ Բնականաբար, եթե նվազում է տնտեսության ակտիվությունը, նվազելու են նաև հարկային մուտքերը։ Այս ֆոնի վրա, երբ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարում է, որ եկամուտների հսկայական հատվածն ապահովելու են հարկային եկամուտները, պետք է ենթադրել, որ խոսքը հարկերի բարձրացման մասին է լինելու, ոչ թե ստվերից գումարներ դուրս բերելու։
Մյուս կողմից էլ, ժողովուրդը՝ ուսուցիչներ, երաժիշտներ, բժշկներ, սանտեխնիկներ, հավաքարարներ, հո չի՞ կարող թողնել, որ, ասենք, նախարարները կամ հարկահավաքները մնան առանց «սրբազան» մի կտոր հացի՝ պարգևավճարների։ 2020-ի պետբյուջեի նախագծով պարգևավճարները կբարձրացվեն աշխատավարձի 30%-ի չափով։ Ինչպես ասում են` ժողովուրդը դառը դատի, նախարարներն ու հարկահավաքները ուտեն։ Ճիշտ է ֆինանսների նախարարը փորձեց պարգևավճարների բարձրացման հարցը «սղացնել» օրենքի պահանջի տակ. «Բովանդակային իմաստով որևէ բան տեղի չի ունեցել։ Այսինքն, նույն չափով, որքան որ նախատեսված էր 2020-ին՝ փոփոխությունը 2021-ին ընդամենը 1 %-ով է»։ Գուցե պետբյուջեի նախագծով բովանդակային փոփոխություն չի եղել, սակայն խոշոր հաշվարկով Հայաստանը լուրջ բովանդակային փոփոխության մեջ է՝ Ղարաբաղում պատերազմ է։ Սրանից ելնելով` հարց է առաջանում. իսկ ինչու՞ Հայաստանի գլխավոր ֆինանասական փաստաթուղթը բովանդակային փոփոխության չի ենթարկվել։ Եթե հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը հաշվարկված է ոչ թե ժողովրդի, այլ մեկ այլ մոլորակի համար, ապա բան չունենք ասելու։ Միևնույն ժամանակ հիշեցնենք՝ աշխարհի համայն հայությունը այսօր գումարներ է հավաքում ռազմաճակատին օգնելու համար, իսկ Հայաստանի գլխավոր ֆինանսիստը ասում` բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել։ Իհարկե, սա միայն ֆինանսների նախարարի խնդիրը չէ, քանի որ պետբյուջեի նախագծի վրա միայն ֆինանսների նախարարը չի աշխատում և մինչև այն կառավարությունում հավանության չարժանանար, ԱԺ-ի քննարկմանը չէր ուղարկվի։ Ի՞նչ է ստացվում, Արցախում և Հայաստանում բոլորս պետք է կռվենք ու աշխատենք ի նպաստ հաղթանակի, իսկ նախարարներն ու հարկահավաքները պարգևավճարներո՞վ պետք է ուրախանան։
Ինչ վերաբերում է հարկային և մաքսային ծառայությունների պարգևավճարներին, ապա նախարարն ասաց. «Արտաբյուջետային հաշիվները դադարել են գոյություն ունենալուց, որի արդյունքում հարկային և մաքսային մարմինների համար նախատեսված նախկինում արտաբյուջետային հաշիվներում նախատեսված միջոցները վերաձևակերպվել են, ինչպես որ պահանջում է փոփոխված օրենքը՝ նախատեսվել են պետբյուջեի մասին օրենքով»։ Նկատենք, որ գումարելիների տեղափոխուըյունից գումարը չի փոխվում։ Ժողովրդին չի հետաքրքրում` իր քրտինքով ստեղծածը Հայաստանի համար այս ծանր օրերին ո՞ր օրենքով են ուտելու չինովնիկները։ Ժողովրդին հետաքրքրում է` ինչու՞ նախարարներն ու հարկահավաքները շատ ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան, քան ուսուցիչը, բժշկը, արվեստագետը և այլն։
Ի դեպ, շարքային քաղաքացու եկամուտները ևս չեն «անտեսվել» պետբյուջեի այս նախագծով։ Ո՛չ, իհարկե ո՛չ, խոսքը նրա եկամուտների ավելացման մասին չէ, այլ ճիշտ հակառակը։ Ինչպես տեղեկացրեց ֆինանսների նախարարը հաջորդ տարվանից ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը։ Նախարարը համոզված է, որ այն նպատակ ունի բացահայտելու մարդկանց պոտենցիալը։ Իսկ գուցե նպատակը ավելի խո՞ր է, այսինքն, ամեն գնով ապահովել 2021-ի պետբյուջեով նախատեսված եկամուտները, որոնց 96 %-ը հարկային մուտքերն են կազմելու...
Ժասմեն ՎԻԼՅԱՆ